Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի համոզմամբ` խոշոր տնտեսվարողների համար ստվեր ունենալն ավելի դժվար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի տնտեսության ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է։ Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Խոշոր ձեռնարկություններում շատ ավելի բարդ է ստվեր ունենալ և պահել տարիներ շարունակ, որովհետև խոշորների հետ մեր հարկային վարչարարությունը, կարելի է ասել, on-line, ամենօրյա ռեժիմով մենք ունենք»,– ասաց Անանյանը։

Որպես ամենաստվերային ոլորտ` ՊԵԿ նախագահը նշեց առևտրի ոլորտը։

Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից

«Բայց հաշվի առեք, որ ես հարկունակության իմաստով եմ ասում։ Այսինքն` գյուղատնտեսությունն էլ է բավականին ստվերային կամ չհաշվառվող։ Բայց գյուղատնտեսությունը մենք չենք համարում հարկունակ, որովհետև գյուղատնտեսությունը հարկեր չի գեներացնում»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը պատրաստ է հեռանալ, եթե վարչապետը որոշի

Հայաստանյան տնտեսության ստվերային հատվածի մասին հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց`մեջբերելով Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնց համաձայն` ստվերը չի գերազանցում տնտեսության 22 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, ՊԵԿ–ը 2019թ.–ին տնտեսվարողների մոտ 701 ստուգում է իրականացրել, որոնց արդյունքում բացահայտվել է շուրջ 58.5 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն։ Եվս  303 ստուգում դեռ ավարտված չէ։