Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից

ՊԵԿ նախագահը մեկնաբանել է, թե ում մտքով է անցել հաշվել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպված ՀԴՄ կտրոնները, ու ինչ է ցույց տվել հաշվարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Գյումրիում սեպտեմբերի 21-ին տպագրված ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Ուզում եմ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն. Փաշինյան

«Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետև կարծել ենք, որ նա էլ իր հերթին թերացել է իր ծառայությունը կատարելիս»,– ասաց Անանյանը։

Անկախության տոնը Գյումրիում նշելը որպես ապակենտրոնացմանն ուղղված քայլ. ի՞նչ կտա դա

ՊԵԿ նախագահն ընդունում է, որ Գյումրիում բացահայտված իրողությունը վկայում է ՊԵԿ համակարգում առկա թերությունների մասին, բայց ավելի շատ, Անանյանի համոզմամբ, դա ՀԴՄ կտրոն չտրամադրելու` ձևավորված  մշակույթի դրսևորումն է։

Ի դեպ, Գյումրիում  սեպտեմբերի 21-22–ին գրանցված աննախադեպ բիզնես ակտիվության ցուցանիշների ուսումնասիրությունը ՊԵԿ–ն իրականացրել է հենց վարչապետի հանձնարարականով։

«Մենք սեպտեմբեր ամսվա երեք week end-ները համեմատել ենք իրար հետ։ Եթե սեպտեմբերի  6-8–ին առևտրի, հանրային սննդի ոլորտում տպվել է 112 527 կտրոն, որով հայտարարագրվել է 381 մլն դրամ, 13-15–ն ընկած ժամանակահատվածում` երեք օրվա ընթացքում, տպվել է 118 000 կտրոն, հայտարարագրվել 393 մլն դրամ, սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 000  կտրոն և հայտարարգրվել է 403 մլն դրամ»,– ասաց Անանյանը։

Այնուամենայնիվ, 2019թ.–ի հունվար– սեպտեմբեր ամիսներին տպված ՀԴՄ կտրոնների քանակը 85.5 մլն հատով կամ 236 մլն դրամով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Գյումրիում իմացել են, որ այդ օրը ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան». Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ նախագահի` լրագրողներին տրամադրված պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019-ին տպագրվել է 312 386 974 ՀԴՄ կտրոն` 1 348 765 մլն դրամի չափով, իսկ 2018թ.–ին տպագրվել է 226 896 179 կտրոն` 1 112 615 դրամի։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Հայաստանի տնտեսությանը նվիրված համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպվել է ընդամենը 10 մլն դրամի կտրոն։

«Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր տպվել։ Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու, ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի համոզմամբ` այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում։