Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

ՀՀ ՊԵԿ նախագահը պարզել է, որ իր մասնագիտությանը չառնչվող հաշվարկների մեջ կարող է նաև սխալվել։ Լինելով տնտեսագետ` նա շինարարների համար սահմանել էր անիրատեսական ժամկետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոստացած ավտոմաքսատունն առ այսօր կառուցված չէ։ Այս փաստն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց Անանյանը` նշելով, որ մաքսային կենտրոնի նախագծով նախատեսված 21 հա տարածքից այժմ փաստացի կառուցված է միայն 6–ը։

Որոնք են Հայաստանի ամենաստվերային ոլորտները. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

«Ժամկետները սահմանվել են իմ կողմից, և առաջին անգամ տարօրինակ կերպով ես հայտնաբերեցի, որ այն ժամկետները, որոնք չեն առնչվում իմ մասնագիտությանը, հնարավոր է, որ սխալ սահմանվեն։ Որովհետև ես, լինելով տնտեսագետ, շինարարների համար սահմանել էի այնպիսի ժամկետ, որն իրատեսական չէր։ Բայց շինարարներն ինձ դրա մասին ասացին վերջում»,– ասաց Անանյանը։

Արդյունքում մաքսատան շինարարությունը կավարտվի ոչ թե հոկտեմբերի 11-ին, ինչպես խոստացել էր Անանյանը, այլ միայն նոյեմբերի սկզբին։

«Հիմա մենք 24-ժամյա ռեժիմով ենք այնտեղ աշխատում»,– ասաց Անանյանը։

Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կադադարի գործել։

«Երևանում ընդհանրապես մաքսատուն չի լինելու։ Իսկ Արարատյան մաքսատունն այսօր բոլոր մաքսային ձևակերպումների շուրջ 80 տոկոսն է իրականացնում,– ասաց Անանյանը,– մեր նպատակը տարածքային զարգացումն է, որի արդյունքում Երևանի բիզնեսը պետք է տեղափոխվի հյուսիս ու հարավ»։

ՊԵԿ նախագահը հույս ունի, որ հետագայում գործարարներն իրենց մաքսային պահեստները, գրասենյակները ևս կտեղափոխեն Շիրակի մարզ, որը կապահովի մարզում տնտեսական աշխուժությունը։

Վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկայինի պետն ազատվել է պաշտոնից

Լրագրողների մտահոգությանը, թե ապրանք մաքսազերծողներն ստիպված են լինելու Երևանից շուրջ 150 կմ հեռավորություն անցնել, ՊԵԿ նախագահն այսպես պատասխանեց. «Գյումրու ավտոմաքսատունը 158 կմ հեռավորություն ունի Բագրատաշենից, 115 կմ` Գոգավանից, 56 կմ`Բավրայից։ Այսինքն` եթե մենք վերցնենք 3 ակտիվ մաքսակետերը, որոնցով ներմուծում ու արտահանում է իրականացվում, ապա տարածքային առումով Գյումրին շատ ավելի մոտ է»։

Անանյանի խոսքով` բիզնեսը մայրաքաղաքից հեռացնելը զուտ քմահաճույք չէ, այլ կառավարության ծրագրի մի մաս։

Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չեն հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Արդեն սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում նանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականացվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։