ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ryanair ավիաընկերությունը 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսում հաղորդեց ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը։
Նա տեղեկացրեց, որ արդեն 2020թ.–ի ամռանից կբացվի Երևան–Բեռլին ուղիղ չվերթը։
«Ամռանն ուղիղ չվերթ կբացվի նաև Գյումրիից Մյունխեն։ Բոլոր չորս ուղղություններով տոմսերը բավական մատչելի կլինեն, միջինը` 35 եվրո», – նշեց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Օ'Բրայենի խոսքով` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Օ'Բրայենը նշեց, որ ընկերությունը չի ծրագրում չվերթեր իրականացնել ռուսական ուղղություններով, սակայն հավաստիացրեց, որ չորս ուղղությամբ չեն սահմանափակվի, և թռիչքների աշխարհագրությունը մշտապես կընդլայնվի։