Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով

Ավիաընկերությունը Քարդաշյանին հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ryanair լոուքոսթերը Twitter-ում հումոր է արել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիի վերաբերյալ։ Ավելի ճիշտ` սելֆիի մակագրության, որում ասվում է` Փաշինյանը պայմանավորվել է Քիմի հետ, որ նա ավելի հաճախ ժամանի Հայաստան։

«Բախտդ բերել է, Քիմ Քարդաշյան։ Մենք հենց նոր գործարկել ենք մեր առաջին չվերթերը Հայաստան», – նման հաղորդագրություն է հրապարակվել ընկերության պաշտոնական էջում։

​Գրառմանը կցված է Հայաստանի վարչապետի ու Քարդաշյանի սելֆիի ռեթվիթը` «մենք պայմանավորվել ենք Քիմի հետ, նա ավելի հաճախ է մեկնելու Հայաստան» գրությամբ։

Նշենք, որ այդ լուսանկարն արդեն դարձել է բազմաթիվ կատակների ու մեմերի առարկա, այդ մասին կարող եք ընթերցել Sputnik Արմենիայի նյութում։

Ryanair ավիաընկերությունը 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան։ Այդ մասին հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը։ Նա հայտնեց նաև, որ 2020թ–ի ամռանը ուղիղ չվերթեր կբացվեն Երևանից Բեռլին և Մյունխեն։