Թուրքիան վաղուց էր պատրաստվում այդ հարձակմանը, քանի որ հայտարարել էր այդ մասին և բանակցություններ էր վարում շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Ռազմական գործողությունները, սակայն, կհանգեցնեն հակամարտության սրման և Դամասկոսի հետ հարաբերությունների վատթարացման»,- նշեց նա:
Անդրադառնալով հակամարտության մեջ քրդական գործոնին՝ արաբագետը կարծում է, որ դա պատրվակ էր Թուրքիայի համար Սիրիայի տարածք մտնելու, քրդերին ու «Իսլամական պետության» ահաբեկիչներին նույնացնելու և նրանց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից դուրս մղելու համար, որպեսզի հետագայում այդտեղ բնակեցնի Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականներին՝ ստեղծելով անվտանգության յուրատեսակ բուֆերային գոտի:
«Անկախ ամեն ինչից՝ քրդերին «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ համեմատելը տեղին չէ, նրանք տարածաշրջանում տարբեր նպատակներ են հետապնդում», - ասաց Գրիգորյանը:
Գրիգորյան․ «Գերտերությունների արձագանքը Սիրիայի հարցում այնքան էլ կոշտ չէ»
Հիշեցնենք`հոկտեմբերի 9-ից Թուրքիայի բանակը զինված գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիս–արևելքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապես հայտարարել էր Սիրիայում` Քրդստանի աշխատավոր կուսակցության և «Իսլամական պետության» դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։