ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային դժգոհությունները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերագրում է ոչ թե իրեն, այլ իր ղեկավարած կառույցին։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
«Այո, վարչապետը բազում ցանկություններ, դիտողություններ ու դժգոհություններ է հայտնում։ Բայց դրանք ոչ թե իմ անձին են վերաբերում, այլ ՊԵԿ աշխատանքներին ու գործառույթներին»,- ասաց Անանյանը։
Այդուհանդերձ, իրենից դժգոհության դեպքում ՊԵԿ Նախագահը պատրաստ է հեռանալ պաշտոնից։
«Եթե լինի այնպիսի իրավիճակ ու այնպիսի անձ, որն ավելի արդյունավետ կիրականացնի աշխատանքները, ես, իհարկե, պիտի հեռանամ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Նշենք, որ Դավիթ Անանյանը ՊԵԿ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 18-ից։