Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահը չի կարող ներկա լինել դատական նիստերին, այդ պատճառով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշ ժամանակ չի կարող մասնակցել դատական նիստերին։ Հաշվի առնելով այս հանգամանքը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց նիստը հետաձգել մինչև հաջորդ ամիս։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին ներկայացրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի տրամադրած փաստաթուղթը, ըստ որի՝ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ։

«Քանի որ պարոն Քոչարյանի բացակայության պատճառով այսօրվա դատական նիստը չի կարող շարունակվել, նիստը հետաձգվում է մինչև նոյեմբերի 5-ը»,– ասաց նա։

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 8-ին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, նա երեք անգամ բուժզննում է անցել։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրորդ նախագահը լուրջ խնդիրներ չունի, Քոչարյանի առողջությունը որոշ ժամանակ անց ամբողջությամբ կվերականգնվի։ «Ոչ բարդ վիրահատություն է եղել, նորմալ է անցել», – ավելի ուշ ասել էր Սողոմոնյանը` չբացելով փակագծերը։

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

Սողոմանյանը երեկ Sputnik Արմենիային հայտնել էր, որ այժմ Քոչարյանի վիճակը լավ է, նա գտնվում է վերականգնողական շրջանում, ավելի հստակ` վերականգնողական փուլ է անցնում, ինչի համար ևս 3-4 օր կպահանջվի։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել