ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում վարում է նույն քաղաքականությունը, ինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այսօր Արցախի մայրաքաղաքում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանը, այն է`ԼՂ–ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»,– ասաց Բալասանյանը։
Նա հայտնեց, որ տեղյակ է, թե ինչ բանակցություններ են ընթացել Դուշանբեում, անգամ` ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը վերելակում։
«Մենք էլ ունենք մեր աղբյուրները։ Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությանը։ Չենք բարձրաձայնել մի պարզ պատճառով։ Սպասել ենք այնքան, մինչև ՀՀ վարչապետը ներկայացնի այն, ինչի մասին խոսել է ինքը թե՛ վերելակում, թե՛ ինչպիսի տեսլական է ներկայացրել»,– ասաց Բալասանյանը։
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը վերելակում. սենսացիոն կադրեր
Բալասանյանը շեշտեց, որ Արցախը միշտ մնալու է հայկական տարածք, բայց ոչ ՀՀ մարզի կարգավիճակով։ Նա հիշեցրեց, որ այդ գաղափարի հեղինակը «Սասնա ծռերն» են։
Հիշեցնենք` վերջին հարցազրույցներից մեկում Բալասանյանը մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ վարչապետի հասցեին` Փաշինյանին մեղադրելով ահաբեկչության մեջ:
«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը («Սասնա ծռերը»,–խմբ.)մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը զենքով, մյուսը` գրիչով իշխանությունը բռնազավթել են»,– livenews-ին տված հարցազրույցում ասել էր Բալասանյանը։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ` դրանում նշված փաստերը հանգամանալից ստուգելու համար։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնից Բալասանյանն ազատվել էր 2019թ.–ի հունիսին։ Նա նաև ցանկություն էր հայտնել մասնակցելու Արցախում 2020թ.–ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Բալասանյանը ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։
Ի դեպ, 2016թ.–ի ամռանը, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, Վիտալի Բալասանյանը հուլիսի 21-ին միջնորդական առաքելությամբ Երևան եկավ։
Նրա միջամտության արդյունքում պատանդ մնացած ոստիկաններն ազատ արձակվեցին, ապա զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, կազմակերպվեց լրագրողների հետ` զինված խմբի անդամների հանդիպումը։
«Որևէ բանի հետ չեմ կապում». Երևանում զննության են ենթարկել Վիտալի Բալասանյանի մեքենան