«Նոր եմ լսում». Տոնոյանը տեղյակ չէ իր տարածքի հարցով հարուցված քրգործից

Կարեն Կարապետյանի կառավարության ու Արման Սահակյանի ղեկավարած կառույցի որոշումները կասկածներ են առաջացրել դատախազությունում։ Այդ կասկածները չեն զարմացրել տարածքը գնած սեփականատիրոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի Բագրատունյաց փողոցում կառուցված նոր հիվանդանոցի սեփականատեր, բժիշկ–վիրաբույժ Տարոն Տոնոյանին ոչ ոք չի ասել, որ իր կառուցած բժշկական կենտրոնի տարածքի հարցով քրեական գործ է հարուցվել։ Նա այդ մասին իմացավ միայն Sputnik Արմենիայից։

«Ինձ ոչ ոք չի զանգել, ոչինչ չի ասել։ Ես նոր, ձեզանից եմ լսում այդ մասին»,–ասաց նա։

Եվ, այդուհանդերձ, մեր հայտնած տեղեկությունը Տոնոյանին չզարմացրեց։

«Դեռ ապրիլ–մայիսին Պետգույքում, երբ գնացել էի իմ ներդրումային պարտավորությունները ցույց տալու, իրենք իրենց կասկածները հայտնեցին` թե այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան էժան եք գնել։ Ես էլ ասացի, որ կառավարության որոշում է եղել այն ժամանակ, որը միայն ինձ չի վերաբերել։ Դա Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունն էր. այն շենքերը, որոնք տարիներով դրված են վաճառքի ու չեն վաճառվում, կես գնով վաճառել, բայց դրա դիմաց մեծ ներդրումներ պահանջել»,– պատմեց Տոնոյանը։

Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք վերցնելու պահին պաշտոնյա է բռնվել. ԱԱԾ տեսանյութը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 2017թ–ին Երևանի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով շենքն ու 796.6 քմ մակերեսով հողամասը վաճառվել են իրական արժեքից 3 անգամ ցածր գնով։

Ըստ դատախազության` օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ.–ին եղել է 80 մլն դրամ, բայց գնահատվել է 39.2 մլն, վաճառվել 22.4 մլն դրամով։

Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ

Գործարքի հետևանքով պետությանը պատճառված վնասը դատախազությունը հաշվարկել է 58 մլն դրամ։ Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Տարածքը 2 տարի առաջ գնած բժիշկ–վիրաբույժը վստահեցնում է, որ գնման գործում իր հանդեպ որևէ առանձնահատուկ վերաբերմունք չի եղել։

«Չգիտեմ` մյուսների դեպքում` ինչպես, բայց իմ պարագայում որևէ առանձնահատուկ վերաբերմունք չի եղել։ Կառավարության կայքում այդ շենքը դրված է եղել մասնավորեցման ցանկում։ Ես պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալին` Սերգո Աթանեսյանին էլ ասացի` բացեք, նայեք` 3 տարի ոչ մեկին չի հետաքրքրել այդ շենքը։ Հենց ես գնել, ներդրումներ եմ արել, դուք հիշել եք»,– ասաց Տոնոյանը։

Մասնավոր հիվանդանոցի սեփականատերը տեղի ունեցածում նկատում է նաև նախկին գործընկերոջ` Զորի Բալայանի որդի Հայկ Բալայանի հետքը։

«Զորիի տղան բողոքել էր, ինքն էր բզբզում ժամանակին, չգիտեմ` հիմա կապ ունի սրա հետ, թէ չէ»,– ասաց Տոնոյանը։

Հայկ Բալայանն ու Տարոն Տոնոյանը տարիներ առաջ գործընկերներ էին, աշխատում էին «Երևան» բժշկական կենտրոնում ու նաև կենտրոնի համասեփականատերերն էին։

«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

2016թ–ին նախկին գործընկերների հարաբերությունները սրվել էին` հիվանդանոցի կառավարման գործի շուրջ առաջացած տարաձայնությունների հետևանքով։ Այդ ժամանակ էլ Տոնոյանը որոշել էր հեռանալ հիվանդանոցից ու դրա հարևանությամբ նույն Բագրատունյաց փողոցի վրա նոր հիվանդանոց կառուցել։

Նոր հիվանդանոցի համար Տոնոյանն ընտրել է խորհրդային տարիներին կառուցված 3–հարկանի տուֆակերտ շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Ակուստիկայի գիտական կենտրոնը։ Կենտրոնի գործունեությունը դադարեցվել էր, շենքը 2003թ–ից ներառվել էր մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում։

Հիվանդանոցի կառուցման աշխատանքներն այսօր գրեթե ավարտված են, բայց բուժկենտրոնն առայժմ չի գործում։

«Դեռ չեմ դիմել արտոնագիր ստանալու, քանի որ ուզում եմ անգամ մանրունքներով ամեն ինչ պատրաստ լինի, որ հանկարծ չլինի այնպես, որ մի չնչին բանի համար պատճառ բռնեն, որովհետև, անկեղծ ասած, չգիտեմ` ինչպես են տրամադրված»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տոնոյանը։

Մասնավորեցման գործարքով Տոնոյանը ՀՀ նախկին կառավարությանը 70 մլն դրամի ներդրում էր խոստացել։ Բայց, իր խոսքով, արդեն 240 մլն դրամ է ներդրել։ Խոստացված 80 աշխատատեղերն էլ, իր հաշվարկով, հիվանդանոցի բացումից հետո կգերազանցվեն։

Ինչու է Արա Վարդանյանը կրկին կալանավորվել. ԱԱԾ–ի հայտարարությունը

Կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասված է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը քաղաքացի Տ. Տոնոյանին առաջարկել է գույքը ձեռք բերել գնահատված արժեքով, ի պատասխան որի վերջինս հայտնել է, որ նշված գույքը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել գույքի գնահատված արժեքի 50%-ը, ինչպես նաև հողամասի 5 544 336 ՀՀ դրամ կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը»։

Արդյունքում կառավարությունը որոշել է շենքը վաճառել 16 842 475 դրամով, կից հողամասը՝ 5 544 336, ևս 120 000 դրամ էլ պետք է վճարի գույքի արժեքի որոշման համար։

Կառավարության հենց այս որոշումն է, որ կասկածելի է թվացել դատախազությանը, որն էլ առաջարկել է Քննչական կոմիտեին բացահայտել հնարավոր չարաշահումները։

Նշենք նաև, որ այդ ժամանակահատվածում պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանն էր։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի