Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Արմեն Սարգսյանի ու Գեորգի Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրի պատվիրակությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. նրան դիմավորեց Փաշինյանը. տեսանյութ

Սարգսյանը ողջունել է Վրաստանի վարչապետին Հայաստան այցելելու, շնորհավորել պաշտոնը ստանձնելու առիթով, հաջողություն ու ծրագրերի իրականացում մաղթել նրան:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն:

«Սակայն հիմա մենք 21-րդ դարի սկզբում ենք: Նոր դար՝ նոր խնդիրներ: Բայց, կարծում եմ, մեր երկու պետությունների և ժողովուրդների համար սա նաև մեծ հնարավորություն է», -ասել է նախագահը:

Սադոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը ռազմական համագործակցության հարցն են քննարկել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ ենք ստեղծելու. Փաշինյան

«Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները, իսկ մենք այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք: Այստեղ ենք այն տրամադրվածությամբ, որ մեր տնտեսական համագործակցությունը ազդեցություն ունենա մեր ժողովուրդների բարեկեցության վրա»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացվելու հնարավորությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ