«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

Դավիթ Սանասարյանը ևս մի պատմության մեջ է ընկել։ ԶԼՄ–ները գրում են, որ նա երեխայի է վրաերթի ենթարկել, Սանասարյանը վստահեցնում է` «շառ են անում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանը հերքում է տարածված լուրը, թե ինքը երեխայի է վրաերթի ենթարկել։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և մանրամասն պատմել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին

Երեկ մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

«Շառ են անում, ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել»,– գրել է նա և ավելացրել, որ մի երեխա քարի վրայից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, ինչից հետո Սանասարյանն այդ երեխայի ու մոր հետ գնացել է բժշկական կենտրոն։ Այնտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։

«Հաջորդ օրը կինը նորից զանգեց ու ասեց` նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած՝ գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։ Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,– գրել է Սանասարյանը։

Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

Նա նշել է, որ ամեն օր հետաքրքրվել է երեխայի որպիսության մասին մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ իրենից պահանջել են այլևս չհետաքրքրվել երեխայով։

«Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել։ Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր, սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու»,– նշել է Մանասարյանը։

Նա հետգրության մեջ նշել է, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

Սանասարյանն այս գրառումից որոշ ժամանակ անց մեկ ուրիշն է գրել. «Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ, բռնաբարության զոհեր չկա՞ն դեռ, վարձու մարդասպանների գունդս դեռ չեն բացահայտե՞լ, մի տեսակ ուշանում է, հո բան չի՞ եղել, ձայն հանեք, որ հանգիստ քնենք։ Հ.Գ. Մեքենան պետք է միայն տեսախցիկների տակ պահեմ, որ սպանության մեջ օգտագործված զենք էլ չգցեն մեջը։ Սրիկաներ»։

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան