Երևանի համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է. քաղաքապետարան

Քաղաքացիները շուտով կկարողանան առցանց տարբերակով իմանալ, թե որ գերեզմանատանը կա ազատ հողատարածք: Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները հնարավորություն կունենան իմանալու` կոնկրետ ովքեր են հուղարկավորված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի համայնքային գերեզմանատներում տարածքները տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացին գերեզմանատան վարիչի հետ ընտրում է տարածքը, որը տրամադրվում է բացարձակապես անվճար»,– նշել է գերեզմանատների տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արման Իսկանդարյանը։

Ըստ քաղաքապետարանի` չնայած նրան, որ համայնքային բոլոր գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, այսօր կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:

««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն գերեզմանատները հատուկ պաշտպանվող հուշարձանային տարածքներ են, որոնք ենթակա չեն քանդման: Բայց սեփականաշնորհված տարածքների համար պետությունը պատասխանատվություն չի կրում, և մենք չգիտենք կոնկրետ անձն իր հողակտորն ինչպես կարող է տնօրինել: Դավթաշենի գերեզմանատանը, օրինակ, 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր»,-ընդգծել է Իսկանդարյանը:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով ընկերությունն ընդլայնել է նաև վճարովի ծառայությունների ցանկը: Հավաքագրված միջոցները կուղղվեն գերեզմանատների տարածքների բարեկարգմանն ու ցանկապատմանը:

«Կատարում ենք բետոնապատման աշխատանքներ, մեքենայի և անձրևանոցների տրամադրում, շուտով կիրականացնենք նաև գերեզմանաշինարարության աշխատանքներ, քարի արտադրություն»,- ասում է Արման Իսկանդարյանը:

«Ո՞վ կցանկանա, որ իր պապական գերեզմանի վրա քաբաբնոց կառուցվի». Վազգեն Գևորգյան

Քաղաքացիների համար ընկերության աշխատանքն առավել թափանցիկ, գործընթացն էլ առավել հասանելի դարձնելու նպատակով մտադրություն կա սպասարկումն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով: Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացվել համայնքային կառույցի տվյալների թվայնացման առաջարկվող տարբերակը: Մասնավոր հատվածի ներկայացրած նախագիծը ենթադրում է առցանց հարթակի և հավելվածի ստեղծում:

«Թվային տարբերակի ներդրումից հետո քաղաքացին տնից մուտք անելով կարող է տեսնել, թե որտեղ է առկա ազատ հողատարածք: Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները, նաև մենք հնարավորություն կունենանք իմանալու, թե կոնկրետ ովքեր են հուղարկավորված և կիմանանք, թե այդ տեղի ստանձնող անձը ով է»,- նշել է Իսկանդարյանը:

Քաղաքապետարանը հայտնում է նաև, որ Աջափնյակ վարչական շրջանում տարածք է հատկացվել համայնքային նոր գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:

Երևանում կա 21 համայնքային գերեզմանատուն, որոնք զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք:

Կալավանի ադրբեջանական գերեզմանատունը. ում շիրիմին էր այցելել առեղծվածային կինը