Լավ լուր ներկրողների համար. հունվարին հնարավոր կլինի մեքենա ներկրել գործող դրույքաչափով

ՊԵԿ–ն օրենքում մի դրվագ է գտել, որը գրեթե 100 տոկոսանոց վստահություն է տալիս ասելու, որ որոշ վարորդների մտահոգությունը կփարատվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բոլոր ավտոներկրողները կկարողանան 2020 թվականի հունվարին մեքենաները Հայաստան ներմուծել դեկտեմբերին գործող դրույքաչափով։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Մենք օրենքում գտել ենք մի դրվագ, որով կկարողանանք փարատել այն մարդկանց մտավախությունը, որոնք մեքենա են ներկրում Հայաստան և կարծում են, թե ուշ տեղ հասնելու պարագայում մինչև դեկտեմբերի 31-ը չեն հասցնի։ Գրեթե 100 տոկոսով վստահեցնում եմ` մենք կարողանալու ենք քաղաքացիներին հնարավորություն տալ հունվարին այդ մեքենաները մաքսազերծել դեկտեմբերին գործած դրույքաչափով»,– ասաց նա:

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարից Հայաստան ներկրվող մեքենաների համար գանձվող մաքսատուրքերը նախատեսվում է մի քանի անգամ բարձրացնել։ 2000 խ/սմ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մեքենայի համար մաքսատուրքը կլինի միջինը մոտ 6000 դոլար։ Մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում ամենատարածված ու սպառվող ավտոմեքենաներից մեկի՝ 19-20 տարեկան «Օպել վեկտրայի» գինը մոտ 3000 ԱՄՆ դոլարից կհասնի մինչև 5000 դոլար: 

Հաշվի առնելով ՊԵԿ ներկայացուցչի հայտարարությունը` կարելի է եզրակացնել, որ այս փոփոխությունը կգործի 2020 թվականի փետրվարից։

Ի՞նչ պետք է իմանա քաղաքացին, որը որոշել է մեքենա ներկրել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից