Գործը չի ջրվել. ԱԱԾ–ն հերքում է «Ժամանակ» թերթի և 1in.am-ի հրապարակումները

Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցներին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում տպագրված  «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ հոդվածներին։

Հրապարակումներում նշված տեղեկությունները «չճշտված և, ըստ էության, ապատեղեկատվություն պարունակող» որակելով, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ քրեական գործի որևէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։

Քրեական գործով կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, տվել խոստովանական ցուցմունքներ, դրանք պնդել նաև առերես հարցաքննության ընթացքում:

Վիտալի Բալասանյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

Նրանց ու կաշառքի միջնորդին առաջադրվել են մեղադրանքներ, որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը` հաշվի առնելով դրսևորված վարքագիծն ու ընտանեկան դրությունը:

ԱԱԾ–ից հայտնում են նաև, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը, և պետությանը պատճառված վնասը ճշտելու համար։

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին ԱԱԾ–ն հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Արմավիրի  մարզի ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ, ով ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և ստացել է 1 մլն դրամի կաշառք։

Քաղաքացին դիմել է դատախազություն՝ հայտնելով, որ ԱԱԾ աշխատակիցները խլել են իր բաժնեմասը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան Արմավիրի տարածքային կառույցի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանն է։

Նշենք, որ «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում հրապարակված հոդվածներում նշված էր, թե քրեական գործը «ջրելու» եւ հարկայինի տեղակալին ազատելու գործին խառնվել է Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանը, ով հայտնի է որպես «Տրամվի պարկի Գոջիի տղա»։

Նա նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է։ Ընդ որում, ըստ հրապարակումների, գործը «ջրելու» հարցում հարկայինի պետը շահագրգռված էր, քանի որ քննությունից պարզվելու էր, որ ոչ մի տեղակալ առանց պետի գիտության չէր կարող նման չափի կաշառք վերցնել։