ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի -Sputnik. «Երևանյան թմբուկներ» (Yerevan Drums) բացառիկ խումբը տոնում է հիմնադրման 10-ամյա հոբելյանը։ Հոբելյանական օրը թմբկահարուհիները տոնական քայլերթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով, որը նաև նվիրված էր մայրաքաղաք Երևանի 2801–ամյակին։
Աղջիկները հանդիսատեսին բացառիկ դեֆիլեներ (շարանցումներ) ներկայացրին։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսանկարահանել է այդ դիտարժան շոուն։
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում իր ձևաչափով բացառիկ «Երևանյան թմբուկներ» խումբը հիմնադրվել է 2009 թվականի հոկտեմբերին` «Էրեբունի–Երևան 2791» տոնակատարության շրջանակում։ Հիմնադիր և խմբի տնօրեն Պավել Սարգսյանի ջանքերով` խումբը Հայաստանում նոր մշակույթ է զարգացնում։ Ներկա պահին խումբը բաղկացած է 15 թմբկահարուհիներից և 3 դրոշակակրից:
«Երևանյան թմբուկներ» խմբին հաջողվել է իր տեղը զբաղեցնել երաժշտական մշակույթում ոչ միայն մասնակիցների տաղանդի, ռիթմի հիանալի զգացողության և արտիստիկության, այլ նաև միասնականության և անհավանական թիմային ոգու շնորհիվ։ Թմբկահարուհիները մշտապես հանդես են գալիս բարձր մակարդակով` մեծ ուշադրություն դարձնելով կատարման տեխնիկային։
Վերջին 10 տարիների ընթացքում խումբը մասնակցել է նշանակալի պետական միջոցառումներին, տոնախմբություններին, դրանց գունագեղություն և ինքնատիպ հանդիսավորություն հաղորդել։ Աղջիկները Հայաստանը ներկայացնում են նաև միջազգային ասպարեզում։ Խմբի միջազգային ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի, ԱՄՆ–ի, Աֆրիկայի և Ռուսաստանի քաղաքները։
2019 թվականի ապրիլին «Երևանյան թմբուկներ» խումբը գլխավորել է Լոս Անջելեսում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա քայլարշավ-բողոքի ակցիան, 2019-ի փետրվարին` ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի և պատվո պահակային վաշտի հետ համատեղ ելույթ է ունեցել «IDEX 2019» զենքի և ռազմաարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որն անց է կացվում Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
2018 թվականին տեցի է ունեցել «Երևանյան թմբուկների» եվրոպական շրջագայությունը՝ նվիրված Երևանի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին։ Խումբը հանդես է եկել ելույթներով և քայլերթերով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, Ֆրանսիայի Լիոն, Վյեն և Փարիզ քաղաքներում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Նույն թվականին խումբը մասնակցել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնին:
2014 և 2017 թվականներին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում խումբը մասնակցել է «Սպասսկայա Բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնին: 2015 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում խումբը մասնակցել է Հարվածային գործիքների միջազգային փառատոնին: