Հրայր Թովմասյանի ճակատագիրը կորոշվի մինչև Նոր տարի, եթե երկուշաբթի պլանները չփոխվեն

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին կհայտարարի, թե ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին ԱԺ–ի դիմումի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագծի քննարկումը Սահմանադրական դատարանը կարող է հետաձգել առավելագույնը մինչև դեկտեմբերի 26-ը։

Նախկին պաշտոնյան հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի սանիկը լինելու համար. փաստաբան

Բանն այն է, որ օրենքը դիմումի քննարկման համար առավելագույնը 80-օրյա ժամկետ է սահմանում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը սահմանում է, որ դիմումը պետք է քննարկվի մուտքագրման պահից առավելագույնը 30 օր հետո։ Եթե լրացուցիչ քննարկումների կարիք է առաջանում` ևս 50 օր։ Տեսականորեն, առավելագույնը մինչև 80 օր»,– ասաց Այվազյանը։

ՍԴ Աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ԱԺ դիմումը ՍԴ մուտք է արվել հոկտեմբերի 7-ին։

«Օրենքը նախատեսում է 7–օրյա ժամկետ։ Այսինքն` հաջորդ երկուշաբթի` հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը կներկայացնի ԱԺ դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը»,–ասաց Ղազարյանը։

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Նշենք, որ խոսքն առայժմ ԱԺ դիմումը վարույթ ընդունել–չընդունելու մասին է։

Այլ կերպ ասած` Սահմանադրական դատարանը կարող է ընդհանրապես մերժել դիմումը վարույթ ընդունել և այդ պարագայում Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը ՍԴ–ում ընդհանրապես չի էլ քննարկվի։

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր

Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության` Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին նախագիծը։

Դիմումում Թովմասյանի պաշտոնանկության համար 4 հիմք է ներկայացված։

Նշվում է, որ նա իրավունք չուներ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վարույթին, քանի որ փոխկապակցված է ՀՀԿ–ի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ։

Հրայր Թովմասյանը նաև Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կնքահայրն է։ Նա նախկինում մարտի 1–ի գործով դատավարությունների վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, մասնակցել քրգործի վարույթին, ինչը կողմնակալ վերաբերմունքի հիմք է տալիս։  Իսկ չորրորդ պատճառն այն է, որ Թովմասյանը բոլոր հանգամանքներն անտեսել է ու չի հայտնել նիստին իր մասնակցության անհնարինության մասին։