ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսություններից ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր կլինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց գործող կարգում, որի գործողության ժամկետն ավրտվել էր դեռ անցյալ տարեվերջին` 2018թ.–ի դեկտեմբերի 31-ին։
Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան
«Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում»,- ասաց Ադոնցը:
Նշենք, որ այս կարգը մշակվել էր դեռ 2012թ.–ին։ Որոշման հիմքում ՀՀ իշխանությունը հաշվի էր առել Սիրիայում, Լիբանանում և Իրաքում տիրող լարված իրավիճակը։
Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին
Որպեսզի այդ պետություններում բնակվող հայերը ստիպված չլինեն գալ Հայաստանի անձնագիր ստանալու համար, կառավարությունն ընդունել էր տեղում անձնագրերի տրամադրման կարգ, որը պետք է գործեր մինչև 2018թ.–ի ավարտը։
Բայց, քանի որ անցած տարիների ընթացքում իրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ, կառավարությունն ստիպված եղավ որոշման ժամկետն ավելացնել ևս մեկ տարով։