Գագիկ Խաչատրյանին կալանավայրից հիվանդանոց են տարել

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

ՀՔԾ-ում քննվող` Գագիկ Խաչատրյանի գործի նախաքննությունը կշարունակի ԱԱԾ-ն

Հիշեցնենք` նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։

Սեպտեմբերի 30–ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, և Գագիկ Խաչատրյանը մնաց կալանքի տակ։