Երևանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում և Ավանում

Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք։ Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ (գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում), ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել. այն բերովի է

«Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով»,–ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որոնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Կարմրուկի ախտանշաններն ու վտանգները

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Սպառնալիք կարմրուկի տեսքով. նախարարը պնդում է, որ պետք է պատվաստում ստանալ, եթե չեք ստացել

Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, Առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: