«Լայքերի քանակն ինձ չի հետաքրքրում. թվերը բիզնեսի համար են». Քիմ Քարդաշյան

Երևանում ընթացող WCIT 2019 համաժողովի ժամանակ հեռուստաաստղը մանրամասն պատմել է, թե ինչպես է իր գաղափարները պրոդուկտի վերածում, ինչպես է դրանք գործարկում և շուկա դուրս բերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաժողովին հանդես է եկել խոսքով և պատմել իր բիզնես կայսրության ու մեդիա ոլորտում իր առաջին քայլերի մասին։

«11 տարեկանից գիտեի, որ նկարահանվելու եմ ռեալիթի շոուում։ Պատանեկան տարիներին դիտում էի հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր  շոուները և երազում սեփականն ունենալու մասին։ Այսօր աշխատում եմ այդ ոլորտում և չեմ կարող ինձ ավելի երջանիկ պատկերացնել, քան այսօր եմ»,–ասել է գործարարը։

Քարդաշյանը պատմել է, որ հաջողության է հասել փորձելու և սխալվելու ճանապարհով` սովորելով սեփական սխալների վրա։

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում

«Իմ կարիերայի սկզբում ես մինչև վերջ չէի գիտակցում անձնական կյանքի կարևորությունը։ Ինձ թվում էր, որ մարդիկ կարող են իմ մասին իմանալ ամեն ինչ, և դա ինձ համար խնդիրներ չի առաջացնի։ Սակայն ժամանակի ընթացքում ես մեծացա, ծնվեցին երեխաներս, և ես սկսեցի դրան ավելի ուշադիր վերաբերվել։ Օրինակ, երեկ գիշեր դուստրս ինձ արթնացրեց և խնդրեց պարային երեկույթ կազմակերպել։ Իհարկե, ես դա կարող էի համացանցում տեղադրել, սակայն չարեցի։ Ոչ այն պատճառով, որ վատ եմ պարում (ծիծաղում է), այլ այն պատճառով, որ ցանկանում եմ անձնական և հանրային կյանքի միջև հավասարակշռություն պահպանել»,–անկեղծացավ Քիմը։

Նա սոցցանցերում լայքերի քանակի և վերատարածման մասին չի մտածում։ Նման բաների մասին նա մտածում է միայն բիզնեսի շրջանակում։ Քիմի կարծիքով` հաջող բիզնեսի համար կարևոր է անձամբ ամեն ինչ վերահսկելը։

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում Երևանում

«5 աշխատակից ունեմ, մարքեթինգի և բիզնեսի վարպետ, որոնց հետ հանդիպում ենք ամեն շաբաթ։ Սակայն ինձ համար կարևոր է վերահսկել բոլոր մանրուքները` դիմահարդարման նոր արտադրանքի գույնից մինչև փաթեթավորում։ Ես պետք է նայեմ արտադրանքին և տեսնեմ, որ դա բացարձակապես իմ ստեղծածն է»,–պատմել է Քիմը։

«Լավ է լինել տանը». ամերիկահայ միլիոնատեր Օհանյանը հայերեն մի քանի բառ արդեն գիտի

Քարդաշյանը հայտնել է, որ հատուկ օրացույց ունի, որտեղ նշում է իր նոր արտադրանքի թողարկման օրը։  Հաճախ գաղափարները նրա մտքում են լինում, սակայն հստակ դեդլայներով նա ինքն իրեն մոտիվացնում է աշխատելու համար։  Հեռուստաաստղը նաև ուրախացրել է WCIT 2019–ի ունկնդիրներին, ասելով, որ մտադիր է համալրել իր հավաքածուն ևս 4 արտադրանքով, որոնք ստեղծելու համար ոգեշնչվել է Երևանում զբոսնելիս։

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։  Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։