ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գնահատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում։ Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` Քարդաշյանը, որին առանց չափազանցնելու կարելի է մեդիափորձագետ անվանել, քանի որ նա կարողանում է միլիոնավոր օգտատերերի գրավել, ասաց, որ ՀՀ վարչապետի ակտիվությունը սոցցանցերում կարող է բավական օգտակար և արդյունավետ լինել։
«Շատ լավ է։ Կարծում եմ` դա կարող է արդյունավետ լինել։ Սոցիալական մեդիան ընդարձակ հարթակ է։ Պատճառներ չեմ տեսնում, թե ինչու դա չպետք է գործի։ Կարծում եմ, որ լավ է, երբ քաղաքական գործիչները հայտնվում են սոցցանցերում։ Չէ՞ որ այսօր հսկայական թվով մարդկանց համար դա հաղորդակցման հիմնական ձևերից մեկն է։ Այնպես որ դա կարող է օգնել», – ասաց Քարդաշյանը ճեպազրույցի ժամանակ։
Դրանից քիչ առաջ WCIT-2019–ի համաժողովի մասնակիցներն ու ներկաներին նա հայտնեց, որ մտադիր է իր հավաքածուն համալրել ևս 4 արտադրանքով, որոնք ստեղծելու համար ոգեշնչվել է Երևանում զբոսնելիս։ Ամերիկահայ հեռուստաաստղը WCIT 2019–ի համաժողովում պատմեց նաև իր բիզնես կայսրության մասին։
Նա տեղեկացրեց, որ այսօր Երևանի փողոցներում նկարահանելու է իր շոուն և երկրպագուներին հրավիրեց մասնակցել նկարահանումներին։
Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և տևելու է մինչև ամսի 9–ը։ Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։