ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»,– Մանարյանի լուսանկարին կից գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք` 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ. Արաքում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Հիշեցնենք նաև, որ Մանարյանից բացի, ավագանու այսօրվա նիստում ներառված էր նաև հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը։
Պիոտրովսկին խորհրդային ու ռուսական աշխարհահռչակ արևելագետ-պատմաբան է, արաբագետ, իսլամագետ։
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱԱ անդամ։