Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը կշարունակի վարել մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ։

«Դատարանը, քննության առնելով պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը` նախագահող դատավոր Դանիբեկյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին, որոշեց միջնորդությունը մերժել»,– դատարանի որոշումը հրապարակելիս ասաց Աննա Դանիբեկյանը` հավելելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հիշեցնենք` դատական այսօրվա նիստում Քոչարյանի փաստաբանները հանդես էին եկել դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ։

Քոչարյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել էր, որ Աննա Դանիբեկյանի անձի նկատմամբ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից տարբերակված մոտեցում կա, ինչն առաջացնում է իրենց ողջամիտ կասկածն առ այն, որ դատավորը Մարտի 1-ի գործի շրջանակում պարտադրված է իշխանահաճո որոշումներ կայացնել։

Քոչարյանի փաստաբանների համոզմամբ` Դանիբեկյանը չի կարող Մարտի 1-ի գործով լինել օրինական դատավոր, քանի որ այդ գործով օրինական դատավորը Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները կասեցված են։

Քոչարյանի փաստաբանը դատավորի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց քաղբանտարկյալ է համարում

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցում Քոչարյանի փաստաբաններին միացան նաև արտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Իսկ գործով մեղադրող դատախազը, թեև որոշ դժգոհություն հայտնեց դատավորի աշխատանքից, բայց դեմ արտահայտվեց ինքնաբացարկին։

Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Քոչարյանը որդու հետ խոսել է Հայկ Հարությունյանի մասին

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Հուլիսի 16-ին` Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում, նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել։

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինն այդ հիմքով քրեական գործի հարուցումը մերժել էր։

Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։