Արմեն Գևորգյանը ցանկանում է մեկնել Հայաստանից. դատախազությունը դեմ է

Նախկին փոխվարչապետի փաստաբանը դատարանին միջնորդեց վերացնել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր Մարտի 1-ի գործով ընդհանուր իրավասության դատարանի նիստում միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Փաստաբանը միջնորդեց նաև թույլ տալ Գևորգյանին հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը բացակայել ՀՀ–ից և մեկնել արտերկիր։

Նրա խոսքով` ուղևորությունը երկու նպատակ ունի` գործնական հանդիպում` պայմանավորված «Արինս գրուպ» ՍՊԸ–ում վարչության նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնով, և բժշկական զննություն արտերկրում։

«Պարոն Գևորգյանն ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ»,– ասաց Միհրան Պողոսյանը։

Արմեն Գևորգյանն էլ հայտնեց, որ ինքն ամեն տարի սրտանոթային խնդիրների հետ կապված հետազոտություն է անցնում Վիեննայում գտնվող ավստրիական կլինիկայում։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դեմ արտահայտվեց խափանման միջոցը փոխելու և Հայաստանից մեկնելու թույլտվություն ստանալու մասին Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությանը։

«Գտնում եմ, որ ՀՀ տարածքը ժամանակավորապես լքելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավորումներ չէր պարունակում, նաև հակասություններ կային դատարանին ներկայացրած նյութերի ու դատարանում արտահայտած տեսակետների միջև։ Դատարանին հայտնեց, որ բուժզննության նպատակով է, այնինչ դատարանը հրապարակեց գործնական հանդիպումների մասին նյութեր»,– ասաց դատախազը` միաժամանակ հիշեցնելով, որ նման դեպքում պաշտպանական կողմը պետք է նաև փաստարկներ ներկայացնի այն մասին, որ նույն բուժծառայությունները հնարավոր չէ իրականացնել ՀՀ տարածքում։

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` հոկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ