Գործող իշխանությունը տարբեր առիթներով հրահանգում է ինձ երկրից բաց չթողնել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ներքաղաքական զարգացումներին, ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին:
Sputnik

Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները; Նա հաճախ է լինում արտերկրում և, ինչպես ինքն է նշում, հմտացել է Հայաստանի շահը արտասահմանում ներկայացնելու գործում:

«Աշխատանքի առումով շատ եմ լինում արտասահմանում: Սակայն վերջին շրջանում ամեն անգամ, երբ օդանավակայանում մոտենում եմ անցակետին, ստանում եմ տեղեկություն, որ գործող իշխանությունները տարբեր առիթներով հրահանգում են ինձ երկրից բաց չթողնել»,- նշում է ԱԺ նախկին պատգամավորն ու ԿԳ նախկին նախարարը:

Աշոտյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն արտախորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժն, և իրենք պահպանում են արտասահմանյան գործընկերների հետ նախկինում հաստատված կապերը:

Աշոտյանի խոսքով` Հայաստանին ձեռնտու է աշխարհաքաղաքական լարվածության նվազումը: Որքան Ռուսաստանն ու Արևմուտքը լավ հասկանան իրար, լինեն համագործակցային դաշտում, այնքան լարվածությունը մեր տարածաշրջանում կթուլանա: