ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնի աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբ-քրդական խմբավորման ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին սպառնացել է Թուրքիային համընդհանուր պատերազմով, եթե Անկարան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում։ Այդ մասին Բալին գրել է Twitter-ում։
«SDF-ն անվտանգության մեխանիզմների կողմնակից է և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր տարածաշրջանում կայունություն պահպանելու համար։ Սակայն, մենք առանց երկմտանքի Թուրքիայի ցանկացած հարձակում կվերածենք ամբողջ սահմանին համընդհանուր պատերազմի ՝ մեզ ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - գրել է խմբավորման ներկայացուցիչը։
Շաբաթ օրը Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք, թուրքական գործողություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել «այսօր կամ վաղը»։
Նա հավելել է, որ գործողության նպատակը կլինի Թուրքիային սահմանամերձ սիրիական տարածքները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը և Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին տեղավորելը։
Սարգսյան. «Մերձավոր Արևելքի իրավիճակով պայմանավորված` սահմանախախտման դեպքերն ավելացել են»
Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերթսոնը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին, որ Սիրիայում Թուրքիայի ցանկացած չհամակարգված գործողություն խիստ անհանգստություն կառաջացնի ԱՄՆ-ում։