ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի խփած գոլերից յուրաքանչյուրը շատ կարևոր է նրա համար։ Այս խաղից հետո ֆուտբոլիստը շատ ավելի վստահ կլինի իր ուժերի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։
Ադամյանը առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվեց 2013 թվականին, երբ մեր ընտրանին մարզում էր Վարդան Մինասյանը: Հավաքականի նախկին մարզիչն այն ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր տեսնել արդեն, կարելի է ասել, մեծ ֆուտբոլում։
«Ադամյանը մինչև հավաքական հրավիրվելը մասնակցել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերին: Պարզ էր, որ լավ որակներ ունի, հակառակ դեպքում ազգային հրավեր չեր ստանա»,- ասաց Մինասյանը:
Հոկտեմբերի 5-ին Բունդեսլիգայի առաջնության «Բավարիա» - «Հոֆենհայմ» խաղում Ադամյանը դարձավ «օրվա հերոս»: Հայ ֆուտբոլիստը առաջին խաղակեսում շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելու, բայց չօգտագործեց, իսկ երկրորդում` արդեն անկասելի էր: Հայ ֆուտբոլիստի երկու հարվածներից հետո «Բավարիայի» հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր գնդակը հանել դարպասից։
Հայաստանի հավաքականի վերջնական կազմը հայտնի է. ովքե՞ր են դուրս մնացել հայտացուցակից
«Երկու դեպքում էլ Ադամյանը նպատակային հարվածներ կատարեց` շատ արագ կողմնորոշվելով ու տեսնելով դարպասապահի դիրքը: Երկրորդ դեպքում, կարելի է ասել, հայ ֆուտբոլիստը գոլ խփեց պարզապես ոչ գոլային պահից»- նշեց Մինասյանը:
Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել
Քչերը կարող էին հավատալ, որ «Բավարիան» «Ալիանս» արենայում կպարտվեր «Հոֆենհայմին», այն էլ այն բանից հետո, երբ գերմանական ակումբային ֆուտբոլի առաջատարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ոչ ֆուտբոլային՝ 7:2 հաշվով, Անգլիայում պարտության մատնեց «Տոտենհեմին»:
Ադամյանի նորամուտը «Հոֆենհայմի» կազմում, կարող է շատ լավ հիմք հանդիսանալ հայ ֆուտբոլիստի հետագա հաջողություններում:
«Նախևառաջ, կարծում եմ, այս երկու գնդակները, այն էլ «Բավարիայի» դարպասում, պետք է, որ նրան վստահություն տան: Բունդեսլիգան հեշտ մրցաշար չէ և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց Մինասյանը:
Մարզիչի կարծիքով` ազգային հավաքականի խաղերում վստահությունն է պակասում ֆուտբոլիստին. առջևում կարևոր խաղեր են և Ադամյանի որակները անկասկած պետք են մեր հավաքականին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն երկու գոլի հեղինակ դարձավ։