ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Քաղցկեղի դեմ համառ պայքարից հետո 29 տարեկանում մահացել է «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անցած տարի՝ ամռանը, մարզիկը պատմել էր, թե ինչպես է պայքարում հիվանդության դեմ:
«Հիվանդության մասին իմանալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում կարծես մշուշում լինեի: Կարծեք գլխիս հարվածած լինեին: Սկզբնական շրջանում նույնիսկ նորմալ խոսել չէի կարողանում: Պարզ է, որ շոկային վիճակում էի: Հետո վերջնական ախտորոշումը հայտնի դարձավ, և ես խելքի եկա: Հիմա բոլոր մտքերս բուժվելու և վերականգնվելու մասին են»,- գրել էր հոկեյիստը:
2018 թվականից Մնացյանը բուժում էր ստանում Գերմանիայում: Նրա մոտ ախտորոշվել էր ողնաշարի ուռուցք:
Մնացյանը «Սիբիրի» խաղացող էր դարձել 2018 թվականի մայիսին: Օգոստոսին ակումբը հայտարարեց, որ լրացուցիչ բուժզննումների արդյունքում պարզվեց, որ Մնացյանն օնկոլոգիական հիվանդություն ունի, նրան անհապաղ բուժում է անհրաժեշտ: Սամվել Մնացյանն այդպես էլ չհասցրեց երբևիցե հանդես գալ «Սիբիրի» կազմում:
Հոկեյի միջմայրցամաքային լիգալի (КХЛ) կանոնավոր առաջնությունում Մնացյանը մասնակցել է 183 հանդիպման՝ հավաքելով 13 միավոր: