ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` այսօր, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում։ Այստեղից տարբեր վնասվածքներով, այդ թվում` հրազենային, Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել յոթ անձ։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Մյուսների կյանքը բժիշկների մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել։
Դեպքի վայր մեկնած իրավապահներն ու բժիշկները հայտնաբերել են երկու դի, որոնց վրա հրազենի կրակոցներից առաջացած վնասվածքներ են եղել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի` սպանվածների թվում է Վանաձորում որպես քրեական հեղինակություն հայտնի «ոչխարագողի տղա Անդրուշիկը», որը նախկինում դատապարտվել է սպանության համար։
Վանաձորում խոսում են, որ ոստիկանները տանտիրոջը բերման են ենթարկել Տարոնի բաժին, ամենայն հավանականությամբ` նա է հանցագործությունը կատարելու համար կասկածվողը։
Ըստ խոսակցությունների` նա ևս քրեական անցյալ ունի։ Այլ անձինք ևս տարվել են ոստիկանություն։ Տանը պարկուճներ են գտնվել, որոնք իրավապահները վերցրել են։ Ինչ է տեղի ունեցել բնակարանում, ինչ հարցեր են պարզաբանվել, ով ինչ մասնակցություն է ունեցել կատարվածին. այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ որոշ ժամանակ անց կտան իրավապահները։
Մեր տեղեկություններով` Վանաձորում ոստիկանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, հսկողության է իրականացվում հիվանդանոցում և մի շարք այլ վայրերում` կատարվածի հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։
Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի. բերանն ու թևերը կապված են եղել կպչուն ժապավենով