ՌԱԴԻՈ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան

Իրավաբան, հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի անկախության ու լիազորությունների հարցին։
Sputnik

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում շոշափելի արդյունքներ գրանցելու համար հարկավոր է օր առաջ ձեռնարկել ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ՝ չշրջանցելով անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու գաղափարը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

«Պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի անկախություն է ապահովվելու, ինչպես է նշանակվելու ղեկավար կազմ: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, որի մասով վերջերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, այստեղ թերևս լուրջ մտահոգություններ կան, որովհետև փոփոխությունների արդյունքում այժմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է նշանակի կառավարությունը և ԲԴԽ-ն, ինչպես նաև երեք խմբակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին»,- նշեց Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրեր առաջ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր և անդրադարձ էր եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվի հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) անվամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են և 2021-ին լինելու է երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։