Ժամանման նոր սրահ, վերանորոգված կառամատույց. «Շիրակում» վերանորոգման աշխատանքներ են

«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումները կկազմեն շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ կառուցվում է ժամանման նոր սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը:
«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումները կկազմեն շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:

Գյումրու «թևերը» վերադարձրին, «Պոբեդան» առաջին թռիչքը կատարեց

Նշենք, որ 2019 թվականի օգոստոսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16,131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,092,131 մարդ, որը 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: