«Իմ քայլի» անդամները շտապ վերադարձել են ԵԽԽՎ–ից նախագծի քվեարկությանը մասնակցելու համար

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին վստահեցրել է, որ ընդդիմության ներկայացուցիչներն էլ Ստրասբուրգում վատ չեն աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության «Իմ քայլը» խորհրդարանական խբակցության անդամները կիսատ են թողել Ստրասբուրգում  նստաշրջանի աշխատանքներն ու հապճեպ վերադարձել Հայաստան` ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագծի քվեարկությանը մասնակցելու։

«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան

Այս տեղեկությունն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հաստատեց պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն)։

Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս

«Իսկզբանե, դեռևս մեր մեկնելուց առաջ կար որոշում, որ մենք վերադառնալու ենք շուտ, այն հույսով, որ քննարկմանը նույնպես կհասցնենք մասնակցել, որովհետև դա մեզ համար կարևոր հարց է։ Քննարկմանը չհասցրեցինք, բայց քվեարկությանը հասցրեցինք մասնակցել»,– ասաց Ռուբինյանը։

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ–ում մնացած ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն առանց իրենց էլ կկարողանան ներկայացնել Հայաստանը և իրենց բացակայությունը պատվիրակության աշխատանքներին չի վնասի։

«Պատվիրակության կազմում տարբերություն չկա` ընդդիմադիր, թե իշխանական։ Մենք մեկ ճակատ ենք ներկայացնում Ստրասբուրգում»,– ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, Ռուբինյանի հետ Ստրասբուրգից վերադարձել է նաև պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»)։

«Թող իր վրա շատ չվերցնի Թովմասյանը». ԱԺ–ում քննարկումը թեժ մթնոլորտում է անցնում

Այս պահին ԵԽԽՎ–ում են հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»):

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Որպես փոխարինող անդամներ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»), ովքեր ևս ներկա պահին Հայաստանում են։