Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել

Դատախազությունը ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է, որ բուժհաստատությունը ավտոմեքենան ու սննդամթերքը շուկայականից բարձր գներով է ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Սևանի հոգեբուժական հիվանդանոցում ՀՀ գլխավոր դատախազությունը 50 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Չարաշահումներ հեռախոսների վաճառակետերում. «Մոբայլ Սենթրն» ու այլ խոշորներ զգուշացվել են

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով: Պարզվել է նաև, որ ձեռք է բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40 մլն ՀՀ դրամի չափով:

Ըստ դատախազության` 2015-ին բուժհաստատությունը ձեռք է բերել 18 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ավտոմեքենա` դրանով 9.5 մլն դրամ վնաս հասցնելով պետությանը և խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, որով հաստատության համար գնվելիք մեքենայի առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն դրամ։

Ընդհանուր վնասը կազմել է մոտ 50 մլն դրամ։

Բաղրամյանում տեղի ունեցած չարաշահումների քրգործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

«Արմավիր» ՔԿՀ–ի կառուցման ժամանակ հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են եղել

Սևանի հոգեբուժական հիվանդանոցը ամբողջությամբ ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացումը և ծառայողների կողմից լիազորությունների չարաշահումը։ Առավելագույն պատիժը բուժհաստատության ծառայողների համար կարող է լինել ութ տարվա ազատազրկումը։

Նշենք, որ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում մեկ հոգուն բաժին ընկնող օրական ծախսը 4 հազար դրամ է։ Սա ամենացածր գինն է Հայաստանի հոգեբուժական կենտրոնների շրջանում։ Նորքում օրական ծախսը մեկ հոգու համար 11 հազար դրամ է, Նուբարաշենում` 7 հազար։

Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ