Երկարատև քննարկումները զայրացրին Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ–ը չի ուզում զրկվել իր քննչականից

2022թ.–ից Հայաստանում գործելու է 3 քննչական մարմին` Քննչական կոմիտե, ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտե:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն այսօր կառավարության նիստում հարթ չընթացավ։

Նախագիծը նորից վերանայելու ու քննարկելու` գործադրի անդամների առաջարկությունը զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինձ ամեն անգամ զարմացնում է, երբ որ հարցը գալիս է, կառավարության նիստ հասնում, և պարզվում է, որ ինչ–որ օղակ այն չի քննարկել։ Միայն իմ մասնակցությամբ առնվազն 3-4 քննարկում է եղել այս թեմայով։ Ի վերջո, այս փաստաթուղթը շրջանառվել է, գաղտնի չի պահվել, չէ՞։ Ամեն անգամ գալ, կառավարության նիստում ասել` վա՜յ, մենք չենք քննարկել, ճիշտ մոտեցում չէ։ Այս տրամաբանությամբ մենք միշտ տեղում կդոփենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։

Վարչապետի դիտողությունն առավելապես ուղղված էր ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ով նախագծի ներկայացումից հետո ասաց, որ ՊԵԿ–ն իր տեսակետը հայտնել է այն նախագծի վերաբերյալ, որտեղ նախատեսված չի եղել ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտե տեղափոխելու խնդիրը։ Մինչդեռ այդ կետին ՊԵԿ–ն այժմ համաձայն չէ։

«Քննչական մարմինները ձեռնարկում են քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր». Վիգեն Սարգսյան

«Մենք հնարավորություն չենք ունեցել ներկայացնելու մեր հակափաստարկները։ Ես ուղղակի ուզում եմ մեր վերապահումներն ու մեր առարկությունները ներկայացնել։ ՊԵԿ քննչական վարչությունն առանձնահատուկ է այնքանով, որքանով որ հարկային ու մաքսային ծառայող հանդիսացող քննիչներն ավելի համապարփակ ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունեն, հարկային և այլ գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանն անմիջական հասանելիություն ունեն»,–ասաց Դավիթ Անանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հակակոռուպցիոն ռազմավարության վերջին քննարկմանը ՊԵԿ–ը մասնակցել է ու ոչ մի առարկություն չի հայտնել։

«ՊԵԿ ներկայացուցիչը նստած է եղել, և ես ոչ մի բան չեմ լսել»,– ասաց Փաշինյանը։

Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

Հիշեցնենք` ՀՀ վերջին՝ երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին։

2019-2022 նոր ռազմավարությունը հայտարարվել է ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ` կոռուպցիայի դեմ առավել թիրախավորված և արմատական պայքարելու համար։

Նոր ռազմավարությունը նաև որոշակի համակարգային փոփոխություններ է նախատեսում։ Օրինակ` նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման մարմին և հակակոռուպցիոն կոմիտե։

ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում է ստեղծել 2021թ–ին`քննչական մի շարք կառույցների միավորմամբ։ Նորաստեղծ մարմինն ունենալու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասություն։ Իրավապահ համակարգի փոփոխությունների արդյունքում 2021թ.–ից ՀՀ–ում գործելու է 3 քննչական մարմին` Քննչական կոմիտե, ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտե։

Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան։