Չարաշահումներ հեռախոսների վաճառակետերում. «Մոբայլ Սենթրն» ու այլ խոշորներ զգուշացվել են

Չինական արտադրության հեռախոսներ ներկրողը տուժում է այդ ոլորտի խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունից։ ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում են հայտնվել «Մոբայլ Սենթրն» ու բջջային կապի 3 խոշոր ընկերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Չինական արտադրության Xiaomi բջջային հեռախոսներ ներկրող գործարարը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` բողոքելով բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր» ընկերության վարած գնային քաղաքականության դեմ։

Ստուգեք ձեր սմարթֆոնը, այն կարող է «ադրբեջանական» լինել ու ծառայել ոչ միայն ձեզ

Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Xiaomi–ն Հայաստանում փաստացի ավելի էժան է վաճառվում, քան այն գինը, որով տվյալ ընկերությունը ներկրում է»,– ասաց Գևորգյանը։

Ընդ, որում, թեև բողոքն ուղղված է եղել կոնկրետ ընկերության դեմ ու վերաբերել է կոնկրետ մեկ բրենդի, բայց շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երևույթն առկա է ոլորտի բոլոր խոշոր ընկերություններում, այդ թվում` բջջային կապի 3 օպերատորների։

«Այսինքն` եթե դու վաճառում ես համ ինտերնետ, համ հեռախոս, համ լիցքավորման այլ բաներ, դու կարողանում ես մի աղբյուրից եկամուտ ստանալ, և քեզ համար դա բավական է։ Իսկ այն մարդը, որը վաճառում է միայն հեռախոս, չի կարող այդպիսի քաղաքականություն իրականացնել։ «Մոբայլ Սենթրը» բերում է 10 տեսակ ապրանք, վաճառում է դրանք, և եթե դրանցից 3-ի դեպքում էլ 0 դրամ շահույթով դուրս գա, այսինքն` առանց շահույթի, միայն ինքնարժեքով վաճառի, իրեն ձեռնտու է»,– ասաց Գևորգյանը։

Հայաստանում շաքարավազ չի արտադրվում. Հակամրցակցային մարմինն ուսումնասիրում է շաքարի շուկան

Ու թեև, հանձնաժողովի նախագահը փաստեց, որ այս բիզնես–քաղաքականությունն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում, բայց հայկական ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ–ն որոշել է նախազգուշացում կիրառել։

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Իսկ այս բիզնես–քաղաքականությունից տուժող ընկերութոյւններին Գեղամ Գևորգյանը խորհուրդ է տալիս չսահմանափակվել մեկ ապրանքատեսակով ու ավելացնել իրենց տեսականին։ Այլապես կշարունակեն տուժել։