ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-15:00-ն Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:
Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանոթ տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում իրենց տան չհրկիզվող պահարանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:
Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար
Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ և ատրճանակը խլել է նրա ձեռքից և այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել և ընկել է: Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին և սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն և գետնին ընկած ընկերոջը տարել:
Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո «անկոչ հյուրերը» դիմել են փախուստի:
Ոստիկաններին և քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ: