ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղին և երկաթգիծը կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ գրավչությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագիտության թեկնածու Գրիգոր Նազարյանը։
«Այսօրվա ենթակառուցվածքների, ճանապարհների պարագայում, եթե մենք ունենանք նաև գործող Հյուսիս-հարավը, էլ չասենք Իրան-Հայաստան երկաթգծի մասին, ապա Հայաստանը տարանցիկ առումով ավելի հետաքրքիր կլինի մյուս գործընկերների համար»,– ասաց նա` անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
Երեկ` հոկտեմբերի 1-ին, ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում Երևանում տեղի ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները, ինչպես նաև աշխատել Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Ռոհանին հայտնել է նաև, որ Իրանը շահագրգռված է էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ։ Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տարանցիկ ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:
Ինչպես նկարվեցին միկրոավտոբուսում, և որտեղ էր Լուկաշենկոն. Փաշինյանը պատմել է սելֆիի մասին
Իրանը, որ ավանդաբար բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, հետաքրքրված է նաև Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցելու հարցում և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքել։
«Իրանը ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալու հակում չունի, և ես չգիտեմ՝ երբևէ կունենա՞, թե՞ ոչ: Այստեղ խնդիրը ազատ առևտրի համաձայնագրին է վերաբերում՝ ԵԱՏՄ-ԻԻՀ փոխհարաբերությունների տիրույթում»,- նշեց Նազարյանը` հիշեցնելով, որ Իրանը վարում է բավականին կոշտ հովանավորչական քաղաքականություն, այսինքն՝ բարձր մաքսատուրքեր էին սահմանված ներմուծման նկատմամբ:
«Շատ դեպքերում իրանական 70 միլիոնանոց շուկան բազմաթիվ երկրների տնտեսվարողների համար կարծես թե փակ է: Ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություն է, որի կոչը հնչեցվեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի շուրթերից՝ ներդրումների լայն հնարավորություններ կան, և օգտվեք տարանցման հնարավորություններից»,– ասաց Նազարյանը:
Տնտեսագետի խոսքով` այսօր ապրանքային հիմնական հոսքերն ուղղված են Արևելքից դեպի Եվրոպա կամ ԱՄՆ: Եվ այդ համատեքստում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շրջանակում բազմաթիվ այլընտրանքների շարքում մի տարբերակն էլ Հայաստանի տարանցիկ հնարավորություններն օգտագործելն է:
«Երկրորդ խնդիրը, որ հնչեցրեց իրանական կողմը, հենց տարանցման հնարավորություններն են՝ Բանդարաբաս-Սև ծով հատվածի հետ կապված: Այստեղ, կարծում եմ, շատ կարևոր է առաջին հերթին «Հյուսիս-հարավ» ճանապարհը և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Երկաթգծի կառուցման նախաձեռնողը պետք է լինի Հայաստան պետությունը: Որևէ մեկը այդ նախաձեռնությունը հանդես չի բերելու»,- նշեց Նազարյանը:
Ըստ տնտեսագետի` տարանցման այդ հնարավորություններով Հայաստանը կարող է նպաստել ապրանքային հոսքի ժամանակային ընթացքի կրճատմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հասկացրել է, որ Երևանը չի պատրաստվում միանալ հակաիրանական պայքարին։ Կարելի է ասել` Ռոհանին դրան ի պատասխան փաստորեն կյանքի կոչեց Հայաստանի հետ համատեղ նախագծերը, որոնք կարծես հայտնվել էին խոր դարակում։