Կառավարությունը չի կարողանում հաշվառել` ինչ կա Հայաստանի թանգարանային ֆոնդերում

Հայաստանի թանգարաններում արժեքները փչանում են, երբեմն էլ՝ կորչում։ Նախարարը ներկայացրել է խնդիրն ու դրա լուծման հնարավոր ուղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանյան թանգարաններում պահվող արժեքները փչանում են։ Այսօր ԱԺ-այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչ վիճակում են հիմա թանգարանների ու պատկերասրահի պահոցները։

ՀՀ կառավարությունը վերջնական տեղեկություն չունի նույնիսկ երկրում պահվող արժեքների մասին։

«Սա կապված է թվայնացման համալիր համակարգ ունենալու հետ։ Դա այն առաջիկա խնդիրներից է, որ պետք է լուծենք»,– ասաց նախարարը։

Նա նշեց, որ թանգարանների պահոցներում խոնավության, ջերմաստիճանի հետ կապված խնդիրները լուծելը տարիների աշխատանք ու լուրջ միջոցներ կպահանջի։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Հիշեցնենք՝ 2018թ.–ի հունիսին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Մակունցը հավաքել էր նախարարությունում եղած բոլոր գեղարվեստական կտավներն ու վերադարձրել Ազգային պատկերասրահ, քանի որ պատկերասրահի տնօրենից գրություն էր ստացել այն մասին, որ պայմանագրով ժամանակավորապես վերցրած նկարները պետական մարմինները պայմանագրի ժամկետի ավարտից հետո չեն վերադարձնում։

Մակունցը ոչ միայն առաջինն էր քայլ արել, այլև նախարար գործընկերներին էր կոչ արել հետևել իր օրինակին, ինչը շատերն արել էին։

6 ամիս անց, սակայն, մշակույթի նախարարի պաշտոնակատարը փոշմանել էր, որ նման գործ է ձեռնարկել։

Հայաստանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունն աճել է. Փաշինյան

«Երբ ուսումնասիրեցինք այն պայմանները` կիսախոնավ, որտեղ դրանք պահվում են, տեսանք, որ նկարներ կան, որոնք նույնիսկ սնկերով են պատված։ Այդ պայմաններում ֆոնդերում պահելու փոխարեն, իհարկե ցանկալի է, որ դրանք լինեն ավելի բաց միջավայրում»,– ասել էր Մակունցը Sputnik Արմենիային։

Ուստի որոշվել էր, որ նկարներն ավելի ապահով կլինեն գերատեսչություններում, քան պատկերասրահի ֆոնդերում։

Դրանից հետո կառավարությունը միջոցներ էր հատկացրել պատկերասրահում օդափոխման նոր համակարգի ներդրման համար։