Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրին, ինչպես նաև Մեղրիի ՀԵԿ-ի ճակատագրին:
«Իրականում այդ բարտերի շրջանակում փոխադարձ ծավալների ավելացման կարևորությունն ակնհայտ է, որովհետև ինչպես հայտնի է՝ Իրան-Հայաստան գազամուղի ընդհանուր թողունակության ընդամենը 20 տոկոսն է այսօրվա դրությամբ օգտագործվում: Այդ բարտերի շնորհիվ Իրանը ցանկանում է նաև իր հյուսիսային շրջանների էներգետիկ անվտանգությունն ապահովել»,-նշել է Վահե Դավթյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանմանը, ապա փորձագետի կարծիքով՝ վերջին շրջանում թեև դեպի Իրան արտահանումը որոշակի դրական դինամիկա է ցուցաբերում, բայցևայնպես, դրանք այն ցուցանիշները չեն, որոնք թույլ կտան խոսել շուկայական իրական փոխակերպումների մասին:
Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն
Վահե Դավթյանի կարծիքով՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բարտերի շրջանակներում, այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել որոշակի ծավալային աճ: Մասնավորապես, եթե խոսքը գնում է 2010-13 թվականների մասին, ապա այդ ժամանակահատվածում, օրինակ, իրանական գազամուղով ներկրվում էր մոտավորապես 250-300 մլն խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ այսօրվա դրությամբ կարող ենք խոսել մինչև 450 մլն խորանարդ մետր ծավալի, դրա դիմաց արտահանված 1-2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիայի մասին:
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարի համոզմամբ՝ այսօրվա թիվ մեկ խնդիրը երկկողմ հարաբերություններում առկա դինամիկայի պահպանումն է, ինչի վրա պետք է կառուցվի էներգետիկ երկխոսության շրջանակներում շատ ավելի երկարաժամկետ ծրագրերի հեռանկարը:
Ըստ Վահե Դավթյանի՝ շատ լավ է, որ Մեղրիի ՀԷԿ-ի հարցը վերադարձավ հայ-իրանական միջպետական հարցերի օրակարգ, որովհետև ի սկզբանե այդ նախագիծը դիտարկվում էր որպես Հարավային Կովկասի առանցքային էներգետիկ նախագծերից մեկը, որն իր ծավալներով և հզորությամբ կարող էր մրցել անգամ վրացական Ինգուրիի ՀԷԿ-ի հետ:
Ինչպես են զարգանում հայ–իրանական հարաբերությունները. դեսպանի գնահատականը
Բայցևայնպես, այստեղ առկա են որոշակի բացասական միտումներ, երբ խոսվում է հարցի կիրառական կողմի մասին:
Պետք է փաստել, որ այս տարի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ արձանագրվեց, որ այլևս հայկական կողմը պետք է ներդրողներ փնտրի նախագիծը կյանքի կոչելու համար, թեև ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ հենց Իրանը պետք է հանդիսանար գլխավոր դոնոր: