ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճն այսօր մարդաշատ էր: Բոլոր ներկաներին տեղավորելու համար նույնիսկ ստիպված եղան ավելացնել աթոռների թիվը. պարգևատրվում էին 2019 թվականի Եվրոպայի առաջնություններում և Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու նրանց մարզիչները:
61 մարզիկ և 33 մարզիչ արժանացան դրամական պարգևների: Սա այն դեպքում, երբ դեռ մարզական տարին չի ավարտվել, և առջևում դեռ մրցաշարեր կան: Եվրոպայի տարբեր մրցաշարերում գյումրեցի մարզիկներն արդեն 4 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել:
«Եթե հենց այսօր ավարտվի մրցաշրջանը, հանրապետության 10 լավագույն մարզիկների կազմում 50 տոկոսից ավելին կկազմեն գյումրեցիները: Առջևում դեռ մրցումներ ունենք, և եթե այսօր գյումրեցի 30 մարզիկներ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, եվրոպական խաղերում արդեն իսկ նվաճել են տարբեր մեդալներ, ապա դրանք դեռ կավելանան, և դրանով «վատ» վիճակում կդնեն ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև հանրապետության, քանի որ դժվար կլինի որոշել մարզիկների լավագույն տասնյակը»,– ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։
Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել
Պարգևատրվողների թվում և՛ փորձառու մարզիկներն էին, և՛ նորեկները:
Այս տարվա ապրիլին Եվրոպայի չեմպիոն դարձած ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը նոր է վերադարձել աշխարհի առաջնությունից, բայց հանգստանալ չի ուզում. նոր մրցաշարի է պատրաստվում:
«Ապրումներս ու զգացողություններս նկարագրել հնարավոր չեն: Իմ հաջորդ նշաձողը Օլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, դա է գլխավորն ինձ համար, իսկ դրանից առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծանրորդը` ավելացնելով, որ արդեն երեկվանից սկսել է մարզումները:
«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց
Այս տարի առաջին անգամ Եվրոպայի պարալիմպիկ խաղերի չեմպիոն դարձած ծանրամարտիկ Արա Մարտիրոսյանն էլ նշեց, որ հաղթանակն իր համար անակնկալ էր, բայց այսքանով չի սահմանափակվի:
«Նոր եմ սկսել զբաղվել ծանրամարտով, շատ եմ սիրում ու մեծ ակնկալիքներ ունեմ՝ առջևում Աշխարհի առաջնությունն է, որին պատրաստվում եմ»,- ասաց մարզիկը:
Պարգևատրվողներից ամենակրտսերը Գյումրու քաղաքապետարանի պարի և սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն էին, ամենափոքրը` 8 տարեկան։ Նրանք լավագույնն էին ճանաչվել Համահայկական 7-րդ խաղերում:
Նշենք, որ Գյումրու ավագանու որոշմամբ` պարգևատրումների համար հատկացվել է մոտ 17.4 մլն դրամ գումար: Այսօրվա պարգևատրվողների շարքում դեռ չկային Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցածները: Նրանց կպարգևատրեն դեկտեմբերին: