Փաշինյանի ու Ծառուկյանի հանդիպումները հաճախակի՞ են դարձել․ «Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդը կրկին հանդիպել են ու տարբեր հարցեր քննարկել, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ավելին՝ նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախակի են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել»,- գրում է օրաթերթը՝ նշելով, որ փորձել է մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:

Նա չի հերքել հանդիպման լուրը, բայց նաև մանրամասներ չի փոխանցել` ասելով, որ տեղեկատվությանը չի տիրապետում:

Թերթը նաև հավելում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը: Բայց ըստ տեղեկությունների` քվեարկությունը խմբակցությունում ազատ է լինելու:

Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում. նախարար

«Ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը Ծառուկյանի հետ հանդիպում է նախաձեռնել»,- գրում է թերթը:

Կողմ քվեարկելու մասին միայն «Լուսավոր Հայաստանն» է հստակ ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլում» էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:

Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է նախաձեռնել:

Որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։ Այն պետք է քննարկվի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստում, ապա ներառվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

ԱԺ–ում հաստատվելուց հետո միայն դիմումը կուղարկվի ՍԴ։ ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան պետք է «կողմ» քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։