Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերային հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը` ԵԱՏՄ աշխատանքային օրվա ավարտին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ մեր երկիրը հույս ունի այդ գործընկերությունն ավելի ու ավելի ամրացնելու։

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել

«Շնորհակալ եմ ձեր պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար։ Վստահ եմ, որ մեր հարաբերություններն իսկապես ժամանակի հետ ավելի են ամրապնդվելու, մենք այդպես ենք տրամադրված»,– ասաց Փաշինյանը։

Ամփոփելով ԵԱՏՄ երևանյան աշխատանքները` Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ գոհ է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում Հայաստանի նախագահության արդյունքներից։

«Կարծում եմ ԵԱՏՄ շրջանակներում նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան։ Մենք ազատ առևտրի պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, ազատ առևտրի ժամանակավոր պայմանագիր` Իրանի հետ։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ Երևանում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ դեռ ժամանակ կա մինչև տարեվերջ, ու Հայաստանին կհաջողվի նոր առաջընթաց գրանցել ԵԱՏՄ–ում։

Լուկաշենկոն մեկնեց Երևանից, Փաշինյանն ու նախագահները միկրոավտոբուս նստեցին. տեսանյութ

Նշենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում անցկացվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։