ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Նորայր Փանոսյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց այս մասին Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։
«Դատարանը որոշեց բավարարել քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը` նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում նոտարներից վերցրել է նրանց տարածքը։
Մասնավորապես, Փանոսյանը վերոհիշյալ տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով նոտարներին զրկել է իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից։
Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը կալանավորելու են իրեն. «Հրապարակ»
Ավելին, նա ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին: