Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու հիմքեր են փնտրում․ «Հրապարակ»

Թերթի ունեցած տեղեկություններով՝ հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը և հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քրեական գործի հարուցման հիմք դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Թերթի ունեցած տեղեկություններով՝ հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը և հայտնաբերել այնպիսի խախտումներ և չարաշահումներ, որոնք հիմք կդառնան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկել Սասուն Միքայելյանի «վանեցյանամետ» հայտարարությունը

«Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք հրապարակման ենթակա չեն, չենք հրապարակում»,- այս մասին թերթին ասել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։ Վերջինս հավելել է, որ հրապարակման համար այս պահին իրեն նման տեղեկատվություն չի տրամադրվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին` հայտնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։