ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ավագանու նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
2018 թ-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել։
Նշենք, որ 95 տարեկան Երվանդ Մանարյանն անցած տարվա հունիսի 11-ին հիվանդանոց էր տեղափոխվել։ Նա ընկել էր և ազդրի կոտրվածքով տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց։ Պարզվել էր, որ վիրահատության կարիք ունի։ Հաշվի առնելով դերասանի տարիքը` բժիշկները վիրահատություն անցկացնելու թեման քննարկել էին հարազատների հետ և հունիսի 13-ին վիրահատել։ Հիվանդանոցում պառկած դերասանին այցելել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ–ին Իրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին, Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հռչակավոր արևելագետ էր, Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ հնագիտական պեղումների և պատմագիտական հետազոտությունների համար։ 1968 թվականին եղել է Էրեբունի բերդի հայտնաբերողներից մեկը։ Մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը, նույնպես հայտնի հնագետ էր։
Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի, իսկ Չոբանյանին` վաստակավոր արտիստի կոչում
Պիոտրովսկին խորհրդային ու ռուսական աշխարհահռչակ արևելագետ-պատմաբան է, արաբագետ, իսլամագետ։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱԱ անդամ։