Պետք է աշխատենք տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը 2020–ի սկզբին կայցելի Մոլդովա` Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբեր — Sputnik. Հայ-մոլդովական առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ պետք է քայլեր արվեն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը ժամանեց Երևան

Նշենք, որ Դոդոնը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք պետք է աշխատենք մեր առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել։ Հատկապես ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, և վստահ եմ՝ իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»,–ասել է Փաշինյանը։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն էլ իր հերթին նշել է, որ հույս ունի` մյուս տարվա սկզբին կկայանա Փաշինյանի պաշտոնական այցը Մոլդովա։ Այդ օրերին Մոլդովայում պետք է տեղի ունենա  հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

«Ես հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները և՛ իմ այցից, և՛ Ձեր պաշտոնական այցից հետո կբարձրանան այլ մակարդակի»,–ասել է նա։

Հայտնի է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը

Փաշինյանն արձագանքել է` ասելով, որ իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։

Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության ու զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: