ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև տարեվերջ կա՛մ կվաճառվի, կա՛մ աճուրդի կհանվի։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Դեռևս հյուրանոցի ընդունման–հանձման արարողությունը չի կայացել։ Այն ընդունելուց հետո լավագույն առաջարկով կա՛մ պետք է տրվի հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,–ասաց նա։
Բաբայանը հայտնեց, որ հենց այնպես կառույցը չեն պահելու և կարճ ժամկետում մտադրություն ունեն զբաղվել այդ հարցով։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության սեպտեմբերի 26–ի նիստում որոշվեց ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն։
Աննա Հակոբյանը խոսեց նախկին օլիգարխների` իր հիմնադրամին նվիրատվություն տալու մասին
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։
Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։