ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները շարունակելու են ջանքեր գործադրել տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ու միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելու համար։ Այսօր Երևանում ստորագրված հռչակագիրն ընթերցելիս այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաժողովի մասնակիցները հայտարարում են, որ դիտարկում են համակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումը արտաքին գործընկերների և միությունների հետ` որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս, և որպես ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման խթան: ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել կոորդինացված և համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ, որն ուղղված է տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա և քայլ առ քայլ` միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելուն՝ մրցակցության, անվտանգության, հասանելիության և այլ համոզմունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը` մեջբերելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ստորագրած հռչակագիրը։
Վարչապետը նշեց, որ եվրասիական տարանցիկ ներուժին նվիրված համաժողովներ այսուհետ որոշվել է անցկացնել ամեն տարի` տվյալ տարում նախագահող երկրի մայրաքաղաքում:
ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին
Այս տարի նախագահող երկիրը Հայաստանն է։ Հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահելու է Բելառուսը։
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հաջորդ ընդլայնված նիստը կանցկացվի 2019թ.–ի դեկտեմբերին Սանկտ–Պետերբուրգում։