Կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք. հարձակումները պերմանենտ են

Հայկական վիրտուալ տիրույթի, համացանցային Հայաստանի ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնես կառույցների ու անհատ օգտատերերի վրա հաքերային հարձակումներն արդեն իսկ կրում են չընդհատվող բնույթ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանա–թուրքական հաքերային խմբերն անցել են Հայաստանի ու հայկական վիրտուալ տիրույթի վրա պերմանենտ (անընդհատական) հարձակումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին կիբեռանվտանգության խնդիրներով զբաղվող «Սիվիսերթ» (Civicert-AM) թիմի ներկայացուցիչներ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանն ու Անդրանիկ Վարդանյանը:

«Իրենք հետապնդում են ազգայնական խնդիր՝ հնարավորինս վնաս տալ հայերին»,-նշեց է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հավելելով, որ հիմնական հարձակումների ուղղություններն ու եղանակները մի քանիսն են. հայկական կայքերը, անհատ-օգտատերերի վրա հարձակումները, սոցցանցային մանիպուլյացիաների միջոցով օգտատերերի անհատական տվյալները «գողանալը», տնտեսվարողների էլեկտրոնային գործիքներ վնասելը կամ կեղծ հաշվեհամարներ հրամցնելով՝ ռեալ գումար «թռցնելը»:

Թեպետ, մեդիա փորձագետի խոսքով` կայքերի վրա հարձակումների քանակը վերջին շրջանում որոշ չափով նվազել է նաև կայքերի պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ պայմանավորված:

Պետք չէ վստահել վիրտուալ տիրույթում. կիբեռ անվտանգության կանոնները

Մարտիրոսյանի խոսքով` մարդիկ հաճախ իրենք են հաքերներին «կամովին» տրամադրում իրենց տվյալները, արձագանքելով, օրինակ, iPhone շահելու մասին ինչ-որ նամակի, կամ՝ իբր թե Facebook-ի ադմինիստրացիայից ստացած տեղեկության, թե՝ օգտատիրոջ հաշիվն արգելափակվելու է և, որպեսզի դա տեղի չունենա, պետք է վիրտուալ ձևաթուղթ լրացնել: Մարդիկ կան, որ լրացնում են այդ ձևաթղթերը, երբեմն անգամ չկասկածելով, որ ոչ թե Facebook-ի ներկայացուցչի հետ են «շփվում», այլ նմանակված էջով ներկայացող հաքերային խմբի:

«Կա այլ թիրախավորում` ըստ ազգային պատկանելության, էլի ադրբեջանական թիմերի կողմից: Այս տարվա ընթացքում Facebook-ի և Instagram-ի մոտ 10000 օգտատեր ենթարկվել է նման հարձակման, երբ որ օգտատիրոջ հաշիվը գողացել են, և դա օգտագործվում է հայկական ցանցում կեղծ լուրեր տարածելու կամ զուտ վնաս պատճառելու նպատակով։ Նման դեպքերը արտառոց շատ են, հիմնականում Ապրիլյան պատերազմից հետո, այս երկու-երեք տարիներին է դիտարկվում նման հարձակումների ակտիվությունը»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը` նկատելով, որ իսկապես շատ են համացանցից օգտվող այն մարդիկ, ովքեր, փաստորեն, իրենց հաշիվները «նվիրում» են հանցավոր նպատակներ հետապնդող շրջանակների:

Ինչու պետք չէ գումար խնայել հակավիրուսային ծրագրերի համար. հայ մասնագետի խորհուրդները

Նրա խոսքով` ելքը նման վիճակից այն է, որ ավելի լուրջ աշխատանք տարվի համացանցային գրագիտության աստիճանի բարձրացման նպատակով: Պարզ ասած՝ պետք է կրթել ու կրթել համացանցաֆիկացված հասարակությանը:

Մյուս կազմակերպչական քայլը, որն ինքնըստինքյան պահանջվում է` որոշակի պետական կառույց կամ մարմին ձևավորելն է, որը կզբաղվի համացանցային անվտանգության խնդիրներով ոչ միայն պետական հաստատությունների հետ կապված, որոնցից ամենից առանցքայիններն ունեն իրենց ստորաբաժանումները (ԱԱԾ, ոստիկանություն, բանակ): Պարզ ասած, խոսքն այնպիսի կառույցի մասին է, որը կզբաղվի կիբեռհարձակումների ենթարկված անհատ օգտատերերի, մասնավոր հաստատությունների խնդիրներով ու հարձակման դեպքերով:

Կիբեռհարձակման դիմաց հրթիռային հարձակում. Իսրայելը աննախադեպ քայլի է գնացել

Սամվել Մարտիրոսյանը կարևոր է համարում նաև օրենսդրությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու խնդիրն ու բացերն այդ դաշտում էլ լրացնելը:    

Փորձագետի խոսքով` չնայած չկա կիբեռհարձակումների հստակ վիճակագրություն, բայց իր ունեցած տվյալներով` արդեն իսկ տուժել են տասնյակ տուրիստական գործակալություններ, սրճարաններ, նաև՝ բժշկական կենտրոններ:

Հաքերները փչացնում են տնտեսվարողների վիրտուալ գործիքները, կրիպտովիրուսներ են ներբեռնում ու «գողանում» ընկերության արխիվը, հաշվապահական ֆայլերը՝ դրանք գումարի դիմաց վերադարձնելու պայմանով, կամ արտաքին գործընկեր ունեցող ընկերության նամակագրությանն են հետևում և վճարման պահից առաջ այլ (ոչ գործընկերոջ) հաշվեհամար են հրամցնում, որին էլ բանկային փոխանցում է արվում, այսինքն՝ տնտեսվարողներն իրական ու շոշափելի նյութական կորուստներ են ունենում:

Երևույթն, ըստ փորձագետի, արդեն հասել է այն հարթության վրա, որ այլևս առանձին անհատի կամ տնտեսվարողի խնդիր չէ, այլ պահանջում է պետական ու համակարգված մոտեցում: Ի վերջո, մարդիկ պետք է իմանան, թե նման դեպքերում, նման հարձակումների ժամանակ ում դիմեն, որ վստահ լինեն, որ իրական աջակցություն կստանան:

Եթե փորձագետի խոսքը փոքր-ինչ «բացենք», ապա կարելի է նաև այսպես ձևակերպել. կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք: